Կրոնական կազմակերպություններից տուժածների համար հունվարի կեսերից անվճար գործելու է «Տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնը», որտեղ աշխատելու են լրագրողներ, հոգեբաններ և իրավաբաններ: Այս մասին դեկտեմբերի 12-ին NEWS.am-ի թղթակցին ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համակարգող Սևակ Հովհաննիսյանը:

«Տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնում չեն աշխատի եկեղեցու սպասավորներ, քանի որ կրոնական կառույցներից տուժածներին օգնելու համար պետք չէ մի կրոնական կազմակերպությունից հանել և մեկ այլ ուղղությամբ տանել: Մենք կլսենք նրանց խորհուրդները, բայց նպատակահարմար չենք գտնում նրանց մասնակցությունը կենտրոնի գործունեության առաջին փուլում»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Ըստ Սևակ Հովհաննիսյանի տեղեկությունների՝ 2011-ից Հայաստանում սկսել են գործել 5 նոր աղանդ` «Ռեյկի», «Աստծո մանուկ», «Լոգոս եկեղեցի», «Արարատ եկեղեցի», «Գավիթ եկեղեցի», որոնցից միայն «Աստծո մանուկ» աղանդն է գրանցված:

«2009-ից Հայաստանում գործում է չգրանցված «Ռեյկի» աղանդը, որը տիեզերական էներգիա է իջեցնում մարդկանց վրա: Իսկ «Աստծո մանուկ» աղանդը նոր է. այն սկսել է գործել 2013-ից և դեռևս գործում է միայն Կոտայքի մարզում: Մնացած երեք աղանդների հետևորդները նշում են, որ իրենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ են»,- ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համակարգողը:

ՄԵԼ-ը Երևանում և ՀՀ մարզերում հունիսից մինչև դեկտեմբերի սկիզբ հարցումներ է անցկացրել` պարզելու, թե քանի՞ աղանդավորական կա Հայաստանում. «Մենք հարցումն անցկացրել ենք հետևյալ կերպ` «Արդյո՞ք հայ առաքելական կամ այլ եկեղեցիների հետևորդներ եք»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը:

Հարցումն անցկացվել է ավելի քան 8 հազար 357 մարդու շրջանում՝ պարզելով, որ հարցվածների միայն 56.37% է Առաքելական եկեղեցու հետևորդ, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցու հետևորդ է 1.95%-ը, «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ՝ 24.4 %-ը, «Եհովայի վկա» աղանդի հետևորդ՝ 9.8%-ը և հեթանոս է 0.16%-ը: