Մտորումներ ԳՊԿ նախագահ Ս.Գ. Հարությունյանի «Կրթության հայեցակարգերի տեսլական» հարցազրույցի վերաբերյալ

(սկիզբը)

Անդրադառնանք պարոն Ս. Գ. Հարությունյանի արծարծած եւս մի կարեւոր հարցի` բարձր մակարդակի կրթություն ապահովելու համար լուրջ գիտական աշխատանքով զբաղվելու անհրաժեշտությանը: Լինելով բացարձակ ճշմարտություն` այս պնդումը դարձյալ դեմ է առնում չլուծվող ֆինանսական խնդիրների պատին: Ասվածը հիմնավորելու համար հպանցիկ անդրադառնանք այն բաղադրիչներին, որոնք ներառվում են պրոֆեսորադա­սախոսական կազմի աշխատանքային պարտականու­թյուններում.

ա) ուսումնական աշխատանք

բ) արտաուսումնական աշխատանք

բ.1. ուսումնա-մեթոդական եւ կազմակերպչական-մեթոդական աշխատանք

բ.2. գիտա-հետազոտական աշխատանք

բ.3. դաստիարակչական աշխատանք

գ) որակավորման բարձրացում

Իհարկե, անհրաժեշտության դեպքում կարելի է անդրադառնալ յուրաքանչյուր բաղադրիչի ենթակառուցվածքին, սակայն դա առանձին քննարկման արժանի հարց է:

Այստեղ առավել կարեւոր ենք համարում ընդգծել հետեւյալը: Պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատանքային պարտականությունների նշված բոլոր հանգուցային կետերից ներկայումս ծանրաբեռնվածությունում արտացոլված է միայն ա) կետը: Ծանրաբեռնվածության ժամերի հաշվարկումը միայն մեկ բաղադրիչի ներգրավմամբ խստագույնս սահմանափակել է պրոֆեսորա-դասախոսական կազմի կողմից գիտությանը, ինքնակրթությանը, դասախոսությունների արդիականացմանը հատկացվող ժամանակը` ընդ որում ժամանակակից գիտա-ուսումնական գրականության բացակայության կամ առասպելական գների ֆոնի վրա:

Որպես եզրափակում անդրադառնանք վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված ամենաարմատական փոփոխությանը: Այդ չափազանց զգայուն ոլորտում անհեռատեսորեն եւ առանց հետեւանքների լրջագույն վերլուծության իրականացվեց անցում տասներկուամյա կրթական համակարգի: Անհեռատեսության արդյունքը դրսեւորվեց անմիջապես: 2010-2011թթ. ուս. տարում դպրոցները շրջանավարտներ չտվեցին: Բնականորեն, արհավիրքի հասնող չափերով նվազեց դի­մորդների եւ առաջին կուրս ընդունվողների քանակը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց ԲՈՒՀ-երի ուսումնական պլանների անտրամաբանական եւ չհիմնավորված փոփոխությունների: Կրթական համակարգի նկատմամբ իրա­կանացված նման բարբարոսական ակցիայի միակ հետեւանքը, սակայն դիմորդների քանակի կտրուկ նվազումը չէր: Առկա էին շատ ավելի մեծ ստորջրյա խութեր, որոնք հաշվի չէին առնվել:

Հանրության ուշադրությունն ուզում ենք հրավիրել հետեւյալ կարեւոր հանգամանքների վրա:

1. ԲՈՒՀ-երը համալրող կոնտինգենտի մի մասը շրջաններում կրթություն ստացած շնորհալի երիտասարդներն են, որոնց համար տասնամյա կրթական համակարգում հնարավոր էր ապահովել ուսում ստանալու քիչ թե շատ նորմալ հնարավորություն: Ավագ դպրոցների կենտրոնացմամբ այդ հնարավորությունը զգալիորեն փոքրանում է` պայ­մանավորված այսօրվա ծանր սոցիալական պայմաններով: Արդյունքում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զրկվում է օժտված երիտասարդների մի ստվար զանգված, ինչը լուրջ հարված է թե գիտակրթական համակարգին, թե տնտեսությանը:

2. Նախկին տասնամյա միջնակարգ կրթության փոխարեն մենք անցել ենք նոր` տասներկուամյա եռաստիճան կրթության: Սակայն կրթության զարգացման համար պատասխանատու որեւէ կազմակերպության կողմից հարց չի բարձրացվել բովանդակա­յին փոփոխության ենթարկելու ուսումնական ծրագրերը` մեկ միասնական` բուհ + դպրոց համակարգում (այս հարցին անդրադարձել էինք “Առավոտ” թերթում (119 /3966/ 25 հունիսի 2011): Նման փոփոխության անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ ներկայումս աշակերտը դպրոցական պատերի ներքո երկու տարի ավելի ժամանակ է անցկացնում: Հետեւաբար, իրենց առարկայական ծանրաբեռնվածությամբ վերջին տարի­ները պետք է հավասարեցվեն, գոնե մասնակիորեն, ԲՈՒՀ-ի առաջին եւ երկրորդ կուրսերին (եթե թույլ տրված սխալներն ընդունելու ուժ չենք գտնելու եւ պահպանելու ենք 12-ամյա կրթական համակարգը): Ուստիեւ անհրաժեշտ է տվյալ բնագավառի համար ոչ մասնագիտական դասընթացները տեղափոխել ավագ դպրոց` դիտելով դրանք հանրակրթական մակարդակով պարտադիր ՀՀ տարածքում: Կարծում ենք այս քայլը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի բուհում լիակատար եւ ամբողջական մասնագիտական արդիական կրթություն տալու համար: Այս քայլի իրականացման համար չի կարող արգելք լինել հայոց լեզվի եւ հայ ժողովրդի պատմության վերաբերյալ ազգային ժողովի համապատասխան որոշումը, քանի որ այն ընդունված է տասնամյա կրթահամակրգի պայմաններում եւ ներկայումս ենթակա է վերանայման` պայմանավորված տասներկուամյա կրթական համակարգի անցմամբ:

Հետագա քայլերի թվում անհրաժեշտ է նաեւ ներառել ցածր կուրսերի հատուկ մաս­նագիտական դասընթացների բեռնաթափումը: Հասկանալի է սակայն, որ այս քայլը դեռեւս ժամանակավրեպ է` համապատասխան պատրաստվածությամբ մասնագետների բացակայության պատճառով: Այս առումով լուծում է ԲՈւՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավումը ավագ դպրոցում ինչպես դասավանդման, այնպես էլ ուսուցչական կոլեկտիվի վերապատրաստման աշխատանքներում:

Եզրափակենք: Անվիճելի է պետության տնտեսական եւ ռազմական անվտանգու­թյան խնդիրներում որակյալ կադրերի ներգրավման անհրաժեշտությունը: Նման կադ­րերի որակյալ դարբնոց է կրթական համակարգը իր բոլոր մակարդակներով: Այս հարցերի նկատմամբ անտարբեր կամ արկածախնդիր մոտեցումները հավասարազոր են դավաճանության` սեփական Պետության նկատմամբ:

ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռ. Մ. Ավագյան

ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հ. Ս. Կարայան

Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լ. Ս. Ասլանյան