«Լարկո գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Հախվերդյանը բաց նակաով դիմել է Անդրանիկ սարկավագ Մանուկյանին, ով Սայաթ Նովա 10/5 հասցեի բնակիչներից է եւ պայքարում է այդ տարածքում սկսված շինարարության դեմ:

Բաց նամակում ասվում է.

«Ուշադրությամբ ծանոթացանք Սայաթ-Նովա փողոցի հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ Ձեր հրապարակային ելույթներին եւ հնչեցված կարծիքներին: Լարկո-Գրուպ ընկերության հիմնադրի բաց նամակում առիթ ունեցել ենք տարակուսանք հայտնել մեր Հայաստան երկրի քաղաքացիների իբր օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ մոդայիկ դարձած, իրականության հետ կապ չունեցող եւ սեփական հեղինակությունն ամրապնդող առանձին հասարակական-քաղաքական հոսանքների, «նախաձեռնությունների» եւ անհատների հայտարարությունների վերաբերյալ: Ցավով արձանագրում ենք, որ սրան գումարվել է նաեւ Սարկավագի պատվելի կոչումը:

Կարծում ենք, որ այդ անունը կրող մարդը աշխարհիկ գործունեության մեջ մասնակցելու որեւէ բարոյական իրավունք չունի: Բողոքներով եւ անհիմն վատաբանելով արտերկրում քաղաքական ապաստան հայցելու համար «բարոյական հիմքեր» ստեղծելը` կարծում ենք արդեն բարոյական չէ եւ այդ ընթացքին ստորագրահավաքի միջոցով արվեստի մեր սիրված որոշ գործիչների մասնակից դարձնելը` նույնպես:

Հարգելի սարկավագ Մանուկյան, մենք հասկանում եմ Ձեզ որ «չեք ուզում սարքովի գնալ որոշ մարդկանց նման հանձնվել ճամբարներին, այլ ուզում եք բարոյական գնալ» կարծում ենք գնալը բարոյական կամ ոչ բարոյական չի լինում , պարզապես պատրվակ փնտրողը այն կգտնի եւ երեւի թէ դուք գտել եք Ձեզ համար բավարար հիմնավորում` դա յուրովի անելու:

«Լարկո գրուպ» ընկերության հիմնադիր սփյուրքահայ Աբել Հախվերդյանը, որը բնակվում է ԱՄՆ -ում ու ԱՄՆ- ի քաղաքացի է, եւ «ոչ սարքովի» , անձամբ ծանոթ է եւ հաճախ օգնության ձեռք է մեկնում անգամ Ձեզ նման մարդկանց, որովհետեւ գիտի ցավել եւ հասկանալ, սովորել է նաեւ մեծարել եւ ներել՝ քրիստոնեական կարեւոր պատգամի համաձայն: Կարծում ենք արտերկրում «տաքուկ» տեղ գտնելու հիմնավորումներին եւ լեգենդներին ավելացող սույն օրինակը շատ յուրահատուկ կլինի, առավել եւս, երբ դուք պայքարում եք Սփյուռքի ներկայացուցչի ներդրումային ծրագրի դեմ. դա էլ այն պարագայում, երբ Ձեզ քաջ հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմիցս վերահաստատել են «Լարկո գրուպ» ընկերության կողմից իրականացվող շինարարության օրինականությունը: Այս կապակցությամբ ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ, քանզի ապաստան հայցելու մասին վերոնշյալ ելույթներից հետո մեր այն համոզմունքը, որ մեր երկիրը իսկապես սիրող մարդկանց կարիք ունի, որ կարողանալու են շունչ տալ իրենց ներդրումային նախաձեռնություններին՝ չվհատվելով չարակամությունից, խաբեությունից ու քաղաքացիական հասարակության ձեւավորման անցումային շրջանից, բազմապատկվել է:

Միաժամանակ, խնդրում եմ Ձեզ, դադարեք հայտարարել, որ Սայաթ-Նովա փողոցի հարեւանությամբ ընթացող շինարարության արդյունքում Ձեզ, այդ հասցեի հետ կապ չունեցող եւ մեկ փողոց հեռու՝ Թումանյան փողոցի վրա, գտնվող շենքի բնակչին «կտրում են հող ու ջրից»: Դա ոչ միայն աղերս չունի մեր փառավոր քրիստոնեական արժեքների հետ, այլ, անտրամաբանական լինելով՝ վստահ եմ, քմծիծաղով կընդունվի անգամ Ձեր կողմից ընտրված քաղաքական ապաստանի հավակնորդ երկրների դեսպանատների կողմից: Մենք մեր բոլորիս սրտերում ապրող ազգագրական երգն ու պարը այսկերպ չի, որ պետք է արտահանենք եւ հանրահռչակենք: Խնդրում եմ Ձեզ, դադարեք մոլորյալ լինել եւ մոլորեցնել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սայաթ Նովա 10 ⁄ 5 հասցեում՝ նախկին կաթսայատան տարածքում կառուցվող բազմաֆունցիոնալ շենքի հարեւանությամբ բնակվող վաստակավոր երաժիշտ, ազգագրագետ, մի շարք համույթների հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, (Սասնո Տղա) ու եւս 150 բնակիչներ քաղաքական ապաստանի խնդրանքով գրություն են ուղարկելու Հայաստանում օտարերկյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին, եթե իրենց շենքերի անվտանգությանը սպառնացող եւ իրենց բնակարանների լույսը փակող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը չդադարեցվի:

«Ես դիմելու եմ բոլոր միջազգային փառատոներին, որոնց ես մասնակցել եմ, բոլոր միջազգային դիտորդներին, որ եկել են այստեղ ընտրությունների ժամանակ: Ես բոլոր կառույցներն օգտագործելու եմ ի լուր ամբողջ աշխարհին, որ ինձ կտրում են իմ հող ու ջրից: Ես բարոյական եմ ապրել, բարոյական էլ ապրելու եմ: Չեմ ուզում սարքովի գնամ որոշ մարդկանց նման հանձնվեմ ճամբարներին, ավելի վարկաբեկեմ իմ երկրի նիստն ու կացն ու սովորույթը: Իմ արձագանքի հետ շատերն են ուզում գնան, գնան բարոյական, ոչ թե լքված, փախստականի անվան տակ»,- NEWS.am-ին ասաց սարկավագը:

Բացի այդ Անդրանիկ Մանուկյանը երկրում արդարություն հաստատելու պահանջով ստորագրահավաք է անցկացնում արվեստի գործիչների շրջանում։ Ստորագրությունները դիմումների հետ նա պատրաստվում է ներկայացնել նախագահին, վարչապետին եւ քաղաքապետին: