Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մեկնարկել է Ս. Սարգսի 2014 թ. տոնակատարությունների 1-ին միջոցառումը:

Գեղագիտության ազգային կենտրոնի շուրջ 150 սաներ հյուրընկալվել էին Արարատյան Հայրապետական թեմում: Կենտրոնի պատանի նկարիչները պատրաստվում են 2014 թ. փետրվարի 15-ին բացվող՝ Ս. Սարգսի տոնին նվիրված պատանեկան ցուցահանդեսին:

Տոնի քրիստոնեական եւ ազգային նկարագրությունն առավել ամբողջական հասկանալու նպատակով Արարատյան Հայրապետական թեմում պատանիների համար կազմակերպվել էր սեմինար-դասախոսություն:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատանիներին իրենց ծնողների հետ օրհնեց  Տ. Շահե քահանա Հայրապետյանը:

Այնուհետեւ առաջնորդարանի դահլիճում նրանց ողջունել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը:

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը պատանիներին ներկայացրել է օրվա խորհուրդը, բաժանվել են թեմատիկ նյութեր:

Արարատյան Հայրապետական թեմի եւ Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ 2 տարի անընդմեջ  կազմակերպվում է մանկական ցուցահանդես, ուր երեխաները ներկայացնում են ինքնատիպ, տոնական աշխատանքներ: