Մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները լիարժեք երթեւեկելի են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաեւ դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը:

Երեւանի քաղաքապետարանին եւ վարչական շրջաններին այս գործընթացում աջակցել են նաեւ շինարարական կազմակերպությունները` տրամադրելով բեռնատարներ, բարձիչներ եւ այլ մասնագիտացած մեքենասարքավորումներ:

Համատեղ աշխատանքի արդյունքն առավել տեսանելի է դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները:

Դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ  մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու երկրորդական փողոցները երթեւեկելի են: Գիշերվա ընթացքում օգտագործվել է  մոտ 230 տոննա աղ եւ շուրջ 480 խ/մ ավազ:

Երեւանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան:

Ներկայում շարունակվում են մայթերի, բակերի եւ հարակից տարածքների մաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները»:

Նշենք, սակայն, որ վերջին օրերին Երեւանի շատ փողոցներում ձնամաքրման աշխատանքները պատշաճ չէին իրականացվում, ինչն առաջացրել է երեւանցիների արդարացի զայրույթը: Որոշ փողոցներ, այդ թվում գլխավոր, պատված էին սառույցի շերտով: