Տարեցտարի ավելանում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են կտրվել ամանորյա հոգսերից եւ տոներն անցկացնել որեւէ հանգստավայրում: Ըստ որում՝ մեր համաքաղաքացիների նախընտրությունները տարիների ընթացքում չեն փոփոխվում, փոխարեն՝ փոխվում են գները: NEWS.am-ը հարցախույց է անցկացրել տուրիստական գործակալությունների շրջանում՝ փորձելով պարզել, թե Ամանորը Հայաստանում եւ արտերկրում անցկացնող հայերը հիմնականում որտեղ են մեկնում եւ ինչքան են վճարում դրա համար:
Մեկ բան միանշանակ է, բոլոր գործակալություններից մեզ հայտնեցին,որ եթե ցանկանում են մատչելի գնով հանգստանալ տոներին, ապա պետք է դիմեն առնվազն մեկ ամիս շուտ, քանի որ դեկտեմբերի վերջին օրերին գները կարող են աստղաբաշխական լինել:
«Աքվարիուս թրավելից» NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ձմեռը հիմնականում տուրիզմի համար ոչ ակտիվ սեզոն է, մարդիկ որեւէ տեղ մեկնում են տոներին: Հայաստանում նրանք գերադասում են ավելի շատ գնալ Ծաղկաձոր, այնուհետեւ՝ Ջերմուկ, Աղվերան, մեկ անձի համար հայաստանյան հանգստավայրերում 7օրյա հանգիստը կազմում է միջինը 450-500 հազար դրամ: «Սմարտ թրավելից» մեզ հայտնեցին, որ Ամանորին Ծաղկաձորում ու Ջերմուկում հանգիստն ավելի թանկ է, քան Դիլիջանում, մեկ հոգու համար 7օրյա հանգիստը սկսվում է 180 հազար դրամից: Գործակալությունից նաեւ հայտնեցին, որ տարեցտարի հայաստանյան հանգստի դեպքում գնաճը զգալի է:
Իսկ «Ռիմա թրավելից» փոխանցեցին, որ այս սեզոնին ամենարդիականը Ծաղկաձորն է, քանի որ այնտեղ ստեղծված են ձմեռային տուրիզմի համար անհրաժեշտ պայմաններ, դրան հաջորդում է Դիլիջանը, Աղվերանը, Ջերմուկը: Այստեղ մեկ անձի համար 7օրյա հանգստի գները սկսվում են 85 հազար դրամից եւ կարող են հասնել մինչեւ 1 մլն 200 հազար դրամ:
«Աէրոլենդ» տուրիստական գործակալությունից հայտնեցին, որ Հայաստանում հանգստացող հայերը հիմնականում մեկնում են 3-5 օրով, քանի որ երկար մնալու համար այդքան հետաքրքրություններ չկան, գները կազմում են մոտ 200-300 հազար դրամ: Հիմնական հանգստացողները 20-ից բարձր տարիքային խմբի անձինք են՝ մինչեւ 60 տարեկան:
Արտերկրում հանգստացող հայերի նախընտրությունները եւս չեն փոխվում, նրանք հիմնականում մեկնում են Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Շրի Լանկա, Հորդանան: «Աքվարիուս» թրավելից NEWS.am-ին հայտնեցին, որ այս երկրներում մեկ անձի համար 7օրյա փաթեթը սկսվում է 800 դոլարից: «Սմարտ թրավելից» հայտնեցին, որ այդ երկրներում մեկ անձի համար 7օրյա հանգիստը սկսվում է 650 դոլարից: Այդ գնից էին սկսում տոնական փաթեթները նաեւ «Ռիմա» թրավելում: Գործակալությունից հայտնեցին, որ Հայաստանում եւ արտերկրում հանգստի գները շատ քիչ են տարբերվում, եթե մեր երկրում մատչելի տարբերակներ լինեն, մարդիկ ձմռանը երկար ճանապարհ չգնալու համար կցանկանան մնալ այստեղ: «Եթե ավիատոմսերի գները իջնեն, Հայաստանում Ամանորին մարդ չի մնա: Հանգստյան տներում ոչ թե սեղանների, սենյակների գներն են բարձր, այլ ամանորյա շոու ծրագրերի, քանի որ բերում են հայտնի երգիչ, երգչուհիներ, ովքեր մեծ գումարներ են ուզում»,- հայտնեցին գործակալությունից: «Աէրոլենդ» տուրիստական գործակալությունում եւս ամանորյա հանգիստն այս երկրներում հասնում է մինչեւ 800 դոլարի:
Ինգա Մարտինյան





























