NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Որտե՞ղ եք անցկացնում Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Ամանորը անց եմ կացնում մեր տանը, ընտանիքիս հետ:

Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը:

Ամեն ինչ՝ պատրաստված բուսական սննդից, հատկապես՝ պասուց տոլմա: Մինչեւ փոքր զատիկը՝ փոքր պահքի շրջանն է: Շրջան, որին սպասում եմ մեծ սիրով:

Քանի «բոնբոնեռկա» եւ կոնյակ եք գնում ամանորյա այցելությունների համար:

Ոչ մի, քանի որ պաշտոնական կամ պարտադրված այցելությունների չեմ գնում:

Ամանորի գիշերը Ձմեռ պապի կերպարով ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր տանը:

Երբ շատ փոքր էի, համոզված էի, որ Ձմեռ պապիկը ամանորյա գիշերը այցելելու է ինձ, եւ ես փորձում էի չքնել. սպասում էի, որ տեսնեմ նրան, հանդիպեմ նրա հետ, բայց այդպես էլ ոչ մի անգամ ինձ չհաջողվեց նրան տեսնել: Առավոտյան, երբ արթնանում էի, տեսնում էի նրա բերած նվերները, ծնողներիս վրա բարկանում էի, ասում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ չկարողացա տեսնել, ինչո՞ւ չարթնացրեցիք... Ամեն անգամ պատասխանում էին, թե՝ շտապում էր, չկարողացավ սպասել: Իհարկե, հետո ես ինձ էի մեղադրում, որ չեմ կարողացել նրան սպասել՝ քնել եմ։ Այսպես էր մի քանի տարի, մինչեւ բացահայտեցի, որ նվերները բերում են ծնողներս: Այժմ, երբ հիշում եմ՝ ինչու էի ես նրան այդպես սպասում, ինչն էր պատճառն այդ անհամբեր սպասման՝ մտածում եմ, որ ես ուղղակի նրան ցանկանում էի տեսնել, ցանկանում էի տեսնել եւ պարզապես խոսել այդ բարի պապիկի հետ, քանի որ նա ինձ նման բոլոր երեխաներին հիշում էր եւ բերում էր բոլոր սպասված նվերները: Այս տարվա ամանորի գիշերը մեր՝ ոչ երեխաներիս համար, Ձմեռ պապիկի կերպարով կցանկանայի տեսնել. հազարամյակների ուղերձը մեր սերնդին՝ մեր Հայքի ուժը, մեր Մեծն Տիգրանի մեծությունը, մեր Ծովինարի դիվանագիտությունը, Խրիմյան Հայրիկի, Րաֆֆիի, Յանիկյանի խիղճը եւ սերը մեր մեջ, մեր Վիշապների՝ կյանքի աղբյուրը եւ հավերժությունը, Կոմիտասյան երաժշտության ազգային ներդաշնակությունը:

Ամանորին ամենաշատ ժամանակը ծախսում եք նվերներ գնելու, ուտեստներ պատրաստելու, թե՞ ձեր հագուկապը որոշելու վրա:

Թվարկված բոլոր գործերը հաճելի են, հետեւաբար՝ ժամանակը բավականացնում է բոլորի համար, հավանաբար ամենաշատ ժամանակը տրամադրում եմ ուտեստներ պատրաստելու համար:

Ամանորյա ձեր ծախսերը ձեր քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Կարծում եմ՝ կարիք չկա մեծ ծախսեր անելու:

Ամանորի գիշերը հանրությանը հայտնի մարդկանցից առաջինը ո՞ւմ եք զանգում:

Ոչ մեկին:

Ամանորին քանի՞ կգ եք ավելանում:

Ոչ մի:

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ինչ կերգեիք:

«Բարի արագիլ»-ը:

Ձեր կուսակցության ղեկավարի կենացը որերո՞րդն եք խմում:

Մեր սիրելի Րաֆֆիի համար կենաց ենք խմում, երբ զգում ենք հինգերորդ եղանակը եւ հինգերորդ տարերքը:

Ինգա Մարտինյան