Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը բոլոր հայերին, նախ եւ առաջ, խաղաղություն է մաղթում: «Թող խաղաղությունը ձեզ հետ, ձեր երկրի, ձեր ընտանիքների հետ ու ձեր սրտերում լինի: Նաեւ մաղթում եմ բոլորին հավատալ, որ բոլոր ջանքերը, որոնք գործադրում եք հանուն ձեր երկրի, մի օր պտուղներ են տալու եւ այն դարձնելու են երջանիկ վայր»,-ասել է դեսպանը NEWS.am-ի հետ զրույցում:
Նրա խոսքով` իր ընտանիքը միշտ փորձում է հավաքվել Սուրբ ծնունդին, եթե անգամ բոլորը գտնվում են տարբեր երկրներում. «Եթե մենք չենք կարող հավաքվել Լիտվայի տանը, մենք անպայման ծնողներին հրավիրում ենք այնտեղ, որտեղ տվյալ պահին բնակվում ենք»:
Լիտվայում բոլոր ընտանիքները հավաքվում են սուրբծննդյան ընթրիքի, որը կոչվում է կուչյոս (Kūčios): Այն շատ մանրամասնորեն են նախապատրաստում: Սեղանին մի կապոց խոտ են դնում` հիշեցնելու, որ Հիսուսը մսուրում է ծնվել: Լիտվացիները սովորաբար Սուրբ ծնունդին միս չեն ուտում, սեղանին դնում են 12 տեսակի ուտեստներ` ձուկ, աղցաններ, սուպեր, ապխտած ձուկից տարբեր ուտեստներ, սունկ, լոռամրգից կիսել, փոքրիկ թխվածքաբլիթներ, մեղր, ընկուզեղեն: Ընթրիքը սկսվում է, երբ երկնքում հայտնվում է առաջին աստղը: Նախքան ընթրիքը բոլորը կիսում են բարակ վաֆլի, որը կոչվում է կալեդայտիս` kalėdaitis: Այն միմյանց են փոխանցում` երջանիկ Սուրբ ծնունդ մաղթելով: Եթե ընտանիքում այդ տարի ինչ-որ մեկը մահացել է, սեղանին դատարկ ափսե են դնում` վառված մոմով: Ընթրիքից հետո գնում են պատարագի:
Դեսպանը պատմել է, որ իր ընտանիքում միշտ պատրաստում են 12 ուտեստներ ու kalėdaitis: «Տարբեր երկրներում ապրելով` այնքան էլ հեշտ չի եղել գտնել բոլոր անհրաժեշտ մթերքները, սակայն եթե վերցնես հաց, ջուր,աղ ու բիբար, առնվազն 11 ուտեստ կարող ես ստանալ` հատկապես իմանալով լիտվացի կանանց կրեատիվ մոտեցումները: Մենք նաեւ կեսգիշերային կամ առավոտյան պատարագի ենք գնում` կախված հանգամանքներից»,-պատմել է նա:





























