Հանրությանը քաջ հայտնի դերասան Հայկ Մարությանը («Կարգին Հայկո») հատուկ դեկտեմբերի 23-ին կայանալիք բողոքի ակցիային մասնակցելու համար Պրահայից ժամանում է Երեւան:

Նա այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

«Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից գայի, բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ: Մեր Պետության համար, մեր Երեխաների համար, մեր Ծնողների համար, մեր Կանանց համար, և ինչու չէ`մեր Թասիբի համար:

Հ.Գ. Գազի գինը թանկ է հերիք չէ, հլը ինքնաթիռի տոմսի գինն էլ վրեն պլյուս եղավ: Այնպես, որ ԱՅՍ ԴԵՄՔՈՎ ԵՄ ԳԱԼԻՍ!!»:

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որի համաձայն «ՀայՌուսգազարդ»-ն ամբողջությամբ անցնում է ռուսական կողմին եւ շատ փորձագետների պնդմամբ, Հայաստանը կորցնում է իր վերահսկողությունը գազի սակագնի նկատմամբ:

Այս համաձայնագրի եւ ռուսական ազդեցության դեմ բողոքի ակցիան տեղի կունենա ԱԺ շենքի մոտ՝ դեկտեմբերի 23-ին: Նախորդ բողոքի ակցիաների ժամանակ տուժել էին մի քանի ակտիվիստներ, նրանցից ոմանց բերման էին ենթարկել ոստիկանություն: