Հայաստանի փաստաբանների պալատը մտահոգված է 2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի,  մասնավորապես՝ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմամբ: Այդ մասին ասվում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ:

«Չանդրադառնալով նշված «նորամուծության» սոցիալ-տնտեսական ազդեցությանը, քանի որ դրա համար համապատասխան մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ՝ ՀՀ փաստաբանների պալատը հարցին մոտենում է զուտ իրավական տեսանկյունից, առ այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը նախ եւ առաջ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այս առումով ՀՀ փաստաբանների պալատը համակարծիք է ՀՀ պատգամավորների կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումում մատնանշված հիմնավորումների հետ: Այսպես՝

1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձինք: Հետեւաբար, նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջեւ բոլորի հավասարության (այդ թվում նաեւ՝ անկախ տարիքից) սկզբունքին: Մասնավորապես  եւ  հատկապես  ուշագրավ է այն փաստը,  որ  քննարկվող  Oրենքի  ուժով սահմանափակվում է անձին պատկանող  սեփականությունը  իր  հայեցողությամբ  տիրապետելու,  օգտագործելու, տնօրինելու  եւ  կտակելու  անձի  սահմանադրական  իրավունքը,  Օրենքի  ուժով  խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից եւ 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական  վիճակը  վատթարացնող  իրավական  ակտին  (Օրենքին) տրվում  է  հետադարձ ուժ`  փաստացի  տարածելով  դրա  գործողությունը  մինչեւ  2014թ.  հունվարի  1-ը  ծագած աշխատանքային եւ այլ իրավահարաբերություններին։

2. Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձից կուտակային վճարի պահումը խախտում է ՀՀ Սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածներով երաշխավորված անձի սեփականության իրավունքը:

3. Պարտադիր կուտակային վճար վճարելը չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարումներ վճարելու պարտականություն, քանի որ այն չի մուտքագրվելու պետական կամ համայնքային բյուջե (ՍԴՈ 753 որոշում), հետեւաբար նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին:

4. Պարտադիր կուտակային վճար վճարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 34-րդ, 37-րդ եւ 48-րդ հոդվածներին, այն առումով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է որպես սոցիալական պետություն, եւ պետության պարտականությունն է պայմաններ ստեղծել բարելավելու անձանց, այդ թվում նաեւ՝ տարեցների կենսապայմանները:

5. Օրենքը հակասության մեջ է նաեւ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի հետ, մասնավորապես այն առումով, որ սոցիալական ոլորտում պետությունն ստանձնելով որոշակի հանրային-իրավական պարտավորություններ` չի կարող կամայականորեն հրաժարվել դրանց կատարման պարտականությունից:

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»: