2014-ին Հայաստանում կարող է մեկնարկել գյուղատնտեսական ապահովագրում: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա` նախարարության համար շարունակում է առաջնային հանդիսանալ կլիմայական պայմաններից պաշտպանվելը: «Գործընթացն արդեն մեկնարկել է: Այդ ամենօրյա աշխատանքը կարեւոր է մեզ համար: Հաշվի առնելով ճյուղի ռիսկերը` մենք երկար ենք նախապատրաստվում: Սակայն հաջորդ տարվանից, կարծում եմ, կկարողանանք սկսել ապահովագրել անասնաբուծությունը կամ գյուղտեխնիկան»,-հայտարարել է նախարարը:
Նկատենք, որ Հայաստանում գյուղատնտեսական վարկավորում առայժմ չի իրականացվում, իսկ ոլորտում աշխատանքների հանդեպ հետաքրքրություն առայժմ ոչ մի ապահովագրական ընկերություն չի դրսեւորել:





























