Ռուսաստանը Բելառուսին 2014թ. մինչեւ 2 մլրդ դոլար փոխառություն կտրամադրի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ պետության Գերագույն Պետական խորհրդի նիստից հետո:

«Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ այսօրվա հանդիպման ընթացքում ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել աջակցել մեր գործընկերներին այն կապակցությամբ, ինչ տեղի է ունենում համաշխարհային շուկաներում եւ Բելառուսի հանրապետությանը 2014թ.-ին լրացուցիչ փոխառություններ տրամադրել մինչեւ 2 մլրդ դոլար չափով», - նշել է Պուտինը,  հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին վարկի տրամադրման որոշման համար: «Ռուսաստանի կառավարությունը եւ առավել եւս ՌԴ նախագահը, որոնք կարողանում է լավ հաշվել գումար, հենց այնպես ոչինչ չեն անում»,- ընդգծել է նա եւ հավելել, որ Ռուսաստանն ու Բելառուսը 2014թ. շեմին լուծել են առկա բոլոր խնդիրները, եւ Մինսկը Մոսկվայից այլեւս որեւէ խնդրանք չունի:

Բացի այդ, Լուկաշենկոն վստահեցրել է. վարկը, որը երկրին կտրամադրի Ռուսաստանը, «հենց այնպես չի ծախսվի» եւ հավելել է, որ քանի որ Բելառուսի տնտեսությունը 60-70 տոկոսով աշխատում է ռուսական արտադրության հումքի եւ բաղադրիչների հիման վրա, ապա փոխառությունն անուղղակի կերպով կծառայի նաեւ ՌԴ տնտեսության զարգացմանը: