ԱՄՆ-ը խախտել է Վիեննայի կոնվենցիան եւ բանկային գաղտնիքը՝ հրապարակայնացնելով ռուս դիվանագետների հետ առնչվող սկանդալը, որոնց մեղադրում են խարդախության մեջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«ԱՄՆ-ի իշխանությունները խախտել են Վիեննայի կոնվենցիայի՝ դիվանագիտական հարաբրերությունների վերաբերյալ մի շարք դրույթներ եւ պարզապես դիվանագիտական քաղաքավարության տարրական նորմեր»,- ասել է Ռյաբկովը: Նրա խոսքով՝ խախտվել են նաեւ նորմեր, որոնք կարգավորում են իշխանությունները գործողությունները բանկային փոխանցումների եւ նամակագրության գաղտնիքների պահպանության հարցերում: Փոխնախարարը նաեւ հավելել է, որ սկանդալի բոլոր մասնակիցներն արդեն հայրենիք են վերադարձել, հաղորդում է «Polit.ru»-ն՝ վկայակոչելով «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին:

Հիշեցնենք, որ նախկին ու գործող 49 դիվանագետներ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներ ԱՄՆ-ում բժշկական ապահովագրության խարդախության գործով մասնակից են դարձել:

Ինչպես հաղորդում էին, նրանք բոլորը ներկայացնում էին եկամուտների մասին նվազեցված տվյալներ, որպեսզի Medicaid ծրագրով սուբսիդիաներ ստանան, որն ԱՄՆ-ում որպես կանոն, տրամադրվում  է բնակչության կարիքավոր հատվածին: Տվյալ ծրագրով նախատեսվում է օգնություն տրամադրել ամսեկան 3000 դոլարից քիչ եկամուտ ունեցող ընտանիքներին: Մոսկվայում խարդախ դիվանագետների նկատմամբ կարգապահական միջոցառումներ կկիրառվեն: