«Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայում դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադային մասնակցելու գործով մեղադրյալ կնոջ խափանման միջոցը փոխելու հարցը Վերաքննիչ դատարանը վարույթ չի ընդունել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կնոջ փաստաբանը՝ Գայանե Գրիգորյանը:

Նա նշեց, որ Վերաքննիչ դատարանը չի քննի իրենց բողոքը, քանի որ այն ներկայացնելու ժամկետները լրացել էին: Փաստաբանը խնդրել էր հարգելի համարել ուշացումը՝ պատճառաբանելով, որ ինքը վերջերս է գործի շրջանակներում ընդգրկվել որպես փաստաբան, սակայն, միեւնույն է, մերժել էին: Այժմ նրանք պատրաստվում են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնել դատախազին:

Գայանե Գրիգորյանը նշեց, որ գործի մասին մանրամասներ չի կարող հաղորդել, տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ընկճված վիճակում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 25-ին «Բրենդ մեդիա տրանս» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նշելով, որ ընկերությունը նոյեմբերի սկզբներին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղեւորվելու նպատակով 18 տոմս ձեռք բերելու համար  ավիատոմսերի վաճառքով զբաղվող կնոջը փոխանցել է մոտ 12 մլն դրամ, որը վերջինս յուրացրել է. Դեպքի առթիվ նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է յուրացումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նույն օրը այդ կինը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Այս գործը միացվել է ԱԱԾ վարույթում յուրացումների փաստով քննվող մեկ այլ գործի, որի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում նույն կինն է: