Հայաստանի ոստիկանությունը որեւէ ահազանգ չի ստացել «Շիրակ» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

«Ծեծկռտուքի վերաբերյալ որեւէ ահազանգ չի ստացվել: Համապատասխանաբար էլ` նյութեր չեն նախապատրաստվում», - նշել են մամուլի ծառայությունում: Միաժամանակ այնտեղ հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում օդանավակայանում ապակիներ կոտրելու վերաբերյալ: 

Մնում է գուշակել, թե որքանով իրար հետ կապ ունեն ծեծկռտուքն ու կոտրված ապակիները:

Ըստ լրատվամիջոցների` նախօրեին «Շիրակ» օդանավակայանում  միջադեպ էր տեղի ունեցել` բեռը նշանակված վայր տեղ չհասցնելու հետ կապված: Մոսկվա-Գյումրի-Մոսկվա բեռնափոխադրումներ իրականացող «ՎԻՄ» ընկերությունից  որեւէ մեկնաբանություն դեռ չի հաջողվել ստանալ:

Որոշ ականատեսներ վկայում են, որ ծեծկռտուք չի եղել, իսկ ապակին կոտրվել է պատահաբար` փոքր տարածքում  մեծ թվով մարդկանց հավաքվելու պատճառով: