Չինաստանի Սինցզյան նահանգում ոստիկանները գնդակահարել են ոստիկանների վրա հարձակված 8 մարդու: Այս մասին հաղորդում են տեղի իշխանությունները:

Միջադեպը տեղի է ունեցել այդ տարածաշրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից երկու շաբաթ անց, որի ժամանակ ոստիկանությունը գնդակահարել էր 14 մարդ:

Սինցզյանում ապրում են 9 մլն մահմեդական ույղուրներ, որոնք կազմում են նահանգի գնակչության 45 տոկոսը:

Իշխանությունները, որպես կանոն, բռնությունների մեջ մեղադրում են ույղուր ծայրահեղականներին, որոնք, ինչպես պնդում է Պեկինը, փորձում են հասնել տարածաշրջանի ինքնավարության:

Ույղուր ակտիվիստներն, իրենց հերթին, նշում են, որ կենտրոնը չափազանցնում է ինքնավարության սպառնալիքը, որպեսզի արդարացնի կառավարման իր բռնի մեթոդները: Այս տարի Սինցզյանում 4 անգամ զանգվածային անկարգություններ են բռնկվել: