Հայաստանի ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացնում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Գավառ-Սեւան ճանապարհին տեղի ունեցած վթարից:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12.57-ին տեղեկություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորաշեն-Ծովազարդ 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գավառ-Սեւան 19-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SS 531 (վարորդ՝ Ռ. Վ., ծնվ. 1981 թ) եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 30 SU 658 համարանիշի (վարորդ՝ Հ. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Ս. Ս.-ը (ծնվ. 1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքարզկել են ավտոմեքենաները եւ դադարեցրել գազի արտահոսքը:





























