Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին շտապ տեղափոխել են հիվանդանոց՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Դատարանի ճանապարհին նախկին նախագահը իրեն շատ վատ է զգացել եւ ուղարկվել սրտաբանության տեղի ինստիտուտ, հաղորդում է «Էխո Մոսկվին»՝ վկայակոչելով AFP-ն:
Նախօրեին հատուկ տրիբունալը Մուշարաֆին պարտադրել էր ներկայանալ դատարան: Վերջինս կասկածվում է պետական դավաճանության մեջ: Յոթ տարի առաջ, Պակիստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, նա հատուկ դրություն էր մտցրել երկրում, կալանավորել Գերագույն դատարանի կոլեգիային եւ դադարեցրել Սահմանադրության գործունեությունը:
Մեղադրող կողմը կարծում է, որ Մուշարաֆը ապօրինի է գործել:
Ավելի վաղ, այս գործով դատաքննությունը բազմիցս հետաձգվել է, քանի որ նախկին նախագահին տեղափոխող ավտոշարասյան մեջ պայթուցիկ սարքեր են հայտնաբերել: Նրան սպառնացել են սպանել Պակիստանի թալիբները: Նախնական տվյալներով՝ Մուշարաֆին մահապատիժ է սպառնում կամ ցմահ ազատազրկում:





























