Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ կազմակերպվող միջոցառումներում ելույթ ունեցողները ջանք ու եռանդ չեն խնայում 1.5 միլիոն հայերի կոտորած երիտթուրքերին պաշտպանելու համար: Թուրքիայի Մերսինի քաղաքի մշակույթի տանը կազմակերպված Հայոց ցեղասպանության ժխտմանը նվիրված համաժողովում երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ զավեշտալի ելույթներ են ունեցել:

Մասնավորապես, Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Թունջեր Քըլընչը հայերին մեղադրել է 1915թ.-ին ռուսներին աջակցելու մեջ եւ 1.5 միլիոն զոհերի պատճառ դարձած բռնի տեղահանման որոշումը շատ նորմալ է համարել:

Իսկ ահա Թուրքիայի հեռահաղորդակցության նախկին նախարարը ոչ թե հերքել է 1.5 միլիոն հայերի կոտորածը, այլ նշել է, որ «ցեղասպանություն» տերմինը 1948թ.-ին է ընդունվել, իսկ դրանից առաջ տեղի ունեցածը ոչ մի կերպ հնարավոր չէ ցեղասպանություն անվանել: Նա, սակայն, «մոռացել» է հիշատակել 1948թ.-ին ՄԱԿ-ի ընդունած «ցեղասպանություն» տերմինի հեղինակ հրեա Ռաֆայել Լեմկինի խոսքերը, այն մարդու, ով «ցեղասպանություն» տերմինը բնութագրելու համար հատուկ նշել էր, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի կոտորածներն էին Օսմանյան Թուրքիայում։