Հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, բայց եթե այն պարտադրվի, մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը:
Այդ մասին Բեյրութում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ի պատիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահի` Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի անունից տրված պաշտոնական ճաշին:
Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանն իր խոսքը սկսել է Լիբանանի եւ արաբական աշխարհի ականավոր փիլիսոփա, գրող ու բանաստեղծ Ժբրան Խալիլ Ժբրանի հետեւյալ խոսքերով. «Կարելի է մոռանալ նրան, ում հետ ծիծաղել ես, բայց երբեք չի մոռացվի նա, ում հետ լաց ես եղել»:
Ըստ Աժ նախագահի՝ այս խոսքերը լիովին համահունչ են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, որոնք ոչ միայն երկու ժողովուրդների հոգեւոր կապի ու անդավաճան զգացմունքների մասին են վկայում, այլեւ մշակույթների ու կրոնների միջեւ երկխոսության, համերաշխության ու հանդուրժողականության փայլուն օրինակ են:
«Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված եղեռնից մազապուրծ մեր շատ հայրենակիցների համար այս հյուրընկալ հողը դարձավ ոչ միայն փրկության հանգրվան, այլեւ հարազատ օջախ, որտեղ նրանք կարողացան ոչ թե գոյատեւել, այլ` աճել ու սերունդ տալ: Սա ցույց է տալիս Լիբանանի պետության ու ժողովրդի քաղաքակիրթ եւ արժանապատիվ կեցվածքը, արդարամիտ դիրքորոշումը: Եվ հենց դրանց արտահայտությունն է այն, որ 2000 թվականի մայիսի 12-ին Ձեր նախագահությամբ Լիբանանի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը»,- նկատել է Աբրահամյանը:
Խորհրդարանի նախագահը նշել է նաեւ, որ «հայկական արմատներ ունեցող Լիբանանի քաղաքացիների ներգրավվածությունը կյանքի բոլոր ոլորտներում, մասնակցությունը պետական կառավարմանը` ի դեմս հայազգի նախարարների ու պատգամավորների, վկայում է ոչ միայն նրանց գնահատված լինելու, այլեւ երկրում տիրող հավասարության ու արդարության մթնոլորտի մասին»: «Լիբանանն արաբական աշխարհի այն պետությունն է, որի հետ Հայաստանն ունի Բարեկամության պայմանագիր: Հայաստանում հատուկ բարեկամական վերաբերմունք ունեն Լիբանանի ու նրա ժողովրդի հանդեպ:
Շնորհակալ եմ Լիբանանի իշխանություններից ու ժողովրդից` համամարդկային արժեքներին մեծ նվիրվածության համար, ինչը պիտի ընդօրինակելի լինի շատ երկրների համար՝ աշխարհում ընդհանրապես եւ մեր տարածաշրջանում մասնավորապես»,- ասել է Աբրահամյանը:
Խոսելով տարածաշրջանային խնդիրներից՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Մենք ունենք հարեւան, որի նախագահն ու իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով: Հայ ժողովուրդը պատերազմ չի ցանկանում, բայց եթե այն պարտադրվի, մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախագահը:



























