Ապրիլի 12-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի միջազգային գիտաժողով «Կոմունիզմի „դասերը“ Եկեղեցիներին» թեմայով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռից, այս նախաձեռնության հեղինակը Հելսինկիի Համալսարանի Քաթրին ինստիտուտն է, որի հետ համագործակցում է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժինը:
Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնահարցերը. Ինչպե՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ, Ինչպե՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան, Ինչպիսի՞ արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ, Ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս մարտահրավերների հաղթահարման համար:
Գիտաժողովին կմասնակցեն նշանավոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից և Ռուսաստանից: Այս օրերին նրանք հանդիպում կունենան Գարեգին Բ կաթողիկոսի հետ, կայցելեն Հայաստանի տարբեր սրբավայրեր, մշակութային ու գիտական հաստատություններ և տեսարժան վայրեր:




























