ԱՄՆ-ն Թայվան է առաքել սուզանավերի համար նախատեսված Harpoon հրթիռների առաջին խմբաքանակը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2008թ. կնքված 6,5 միլիարդ դոլարի համաձայնագրով:
Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Թայվանի պաշտոնական աղբյուրները, հայտնում են, որ 300 կմ թռիչքի հեռավորության հրթիռները կհամալրեն թայվանական երկու սուզանավերը, որոնք կկարողանան «անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարվածներ հասցնել», հայտնել է աղբյուրներից մեկը:
Համաձայնագիրը մասնավորապես նախատեսում է Patriot-3 զենիթահրթիռային համալիրների, Black Hawk ուղղաթիռների եւ կղզու հաղորդակցական ցանցերի պաշտպանության համար սարքավորումների մատակարարումներ, հայտնում է «Վեդոմոստին»:
Նշվում է, որ համաձայնագիրը բացասական արձագանք է ստացել Չինաստանում, որն այն գնահատել է ԱՄՆ-ի կողմից միայն Չինաստանը ճանաչելու վերաբերյալ երկկողմ համապատասխան կոմյունիկեի եւ քաղաքականության խախտում: Այդ պատճառով ընդհատվել է պաշտպանական հարցերի վերաբերյալ ամերիկա-չինական երկխոսությունը:





























