Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի բողոքը Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նրանք պահանջում էին, որ Վճռաբեկ դատարանը բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը եւ արդարացնի ակտիվիստներին:
Նա նշեց, որ բողոքը վերադարձնելիս Վճռաբեկ դատարանը նշել է, որ այն չի համապատասխանում «Քրեական դատավարության օրենսգրքի» համապատասխան հոդվածներին: ՀԱԿ ակտիվիստները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: Տիգրան Առաքելյանը ազատ էր արձակվել համաներմամբ՝ երկու տարուց ավելի անցկացնելով անազատության մեջ:
Նշենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր եւ ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով: Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:





























