Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում ցավակցական գրություն է տեղադրել ռեժիսոր Արմեն Մազմանյանի մահվան առթիվ:

Նա մասնավորապես գրել է. «Խորապես ցավում եմ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան առիթով: Մենք կորցրեցինք ինքնատիպ մտածողությամբ, մշակութային կյանքում իր սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետի, ով համարձակ էր ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքացիական դրսեւորումներում:

Արմենի մահով մի երանգ էլ պակասեց մեր մշակույթի ներկապնակից ու այդ գույնի պակասը, վստահ եմ, դեռ երկար է զգացվելու հայ թատերարվեստում եւ մշակույթում ընդհանրապես։ Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի բոլոր երկրպագուներին, ուսանողներին եւ իր շրջանավարտներին»։