Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Պերուի ԱԳՆ դիվանագետների առջեւ:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ներկայացրել է հայ-պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան եւ այլ տարածաշրջանների հետ Հայաստանի  փոխգործակցությունը, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

 Ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի: