«Հայաստան» համահայկական հիմնադրամն սկսել է ԼՂՀ Ասկերան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցումն ու կոյուղու համակարգի վերանորոգումը: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամի մամուլի ծառայությունից, արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցի գետնուղին (5764 մ), ընթացքում են խողովակների մոնտաժման աշխատանքները: Բադարա գետի երկայնքով կկառուցվեն պատնեշ (50 մ երկարությամբ)` ափերի հնարավոր փլուզումը կանխելու նպատակով եւ ջրի մաքրման համար նախատեսված պարզարան: Կնորոգվեն 2 ջրամբարները (ընդհանուր 1000 մ3 տարողությամբ) եւ կոյուղագիծը (1305 մ երկարությամբ):

Բացի այդ, ավարտին են մոտենում Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվող Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի, Ճարտարի դպրոցի ու Գորիսի սրտաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Առաջիկա ամիսների ընթացքում կմեկնարկեն Շուշիի Մուրացանի անվան դպրոցի հիմնանորոգման, Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագրերը:

Նշենք, որ Ասկերանում ջուրը բնակչին հասնում է հին ու ժանգոտ խողովակներով եւ մեծ կորուստներով, որի արդյունքում վարակիչ հիվանդությունների հավանականությունը մեծ է: