ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձի դեպքով կան մեղադրյալներ:

ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող այդ  քրեական  գործի շրջանակներում 2014թ. հունվարի 8-ին ԼՂՀ  քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերով` մի խումբ անձանց կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել Արա Ռաֆայելի Ավետյանին եւ Սերգեյ Բորիսի Հարությունյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ԼՂ ոստիկանությանը բանավոր հաղորդում է տվել՝ նշելով, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 21.10-ին, իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել:

ԼՂՀ ոստիկանությունից հայտնել էին, որ ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչեւ 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք էր տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 համարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ/ եւ ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/:

Նշենք, որ գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը արցախյան ազատամարտի տարիներին եղել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: Նրա գլխավորած Ասկերանի գունդը մասնակցել է Շուշիի եւ Լաչինի ազատագրմանը։