Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը վիրավորել է փոխվարչապետ Նիկ Քլեգին:
Բորիս Ջոնսոնը տեղական հեռուստատեսության եթերում լիբերալ-դեմոկրատների առաջնորդին «պահպանակ» է անվանել՝ միաժամանակ հավելելով, որ Նիկ Քլեգը «շատ կարեւոր արարողակարգային գործառույթ ունի»՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին «բոլոր բարդ բաներից» պաշտպանելը: Բացի այդ, Քլեգը եւս մեկ վիրավորանքի է արժանացել. Քաղաքապետը նրան անվանել է «անորոշությունից եւ անկայունությունից երերացող դոնդող»:
Հաղորդվում է, որ ավելի վաղ Ջոնսոնը փոխվարչապետին նաեւ «դեղին ալբատրոս» էր անվանել եւ «Սահմանադրության փոքրիկ դեկորատիվ տարր»:
Ուշագրավ է, որ Լոնդոնի քաղաքապետի շուրթերից նման «սյուրռեալիստական» արտահայտություններ հնչել են նաեւ հոլիվուդյան կինոդերասան Առնոլդ Շվարցենեգերի հասցեին, որին Ջոնսոնն անվանել է «ավստրիական միաբջիջ կիբորգ», իսկ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին էլ քաղաքական գործիչը համեմատել է «հիպնոսող Հարրի Հուդինիի եւ ճարպոտ գոճու խառնուրդի» հետ, հայտնում է The Guardian-ը:





























