Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինությունների հետ կապված «մեծ կաշառք» գործողությունը հետաքննած դատախազ Զեքերիա Օզը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրենից պահանջել է դադարեցնել հետաքննությունը եւ ներողություն խնդրել, հակառակ դեպքում սպառնալով սպանել իրեն։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «մեծ կաշառք» գործողությունը հետաքննած դատախազ Զեքերիա Օզը, ում արդեն հեռացրել են այդ գործից եւ նշանակել շատ ցածր պարտականության Ստամբուլի շրջաններից մեկում, հայտարարել է, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստախոս է, քանի որ հայտարարել է, թե ինքը 22 անգամ արտասահման է մեկնել հանգստանալու, այնինչ նման բան չկա։ Դատախազը պնդել է, որ եթե ապացուցեն դա, ինքն անմիջապես հրաժարական կտա։

Այնուհետ, դատախազը հայտնել է, թե Էրդողանը դատական համակարգի 2 ներկայացուցչի ուղարկել է իր մոտ՝ պահանջելով, որ ինքը դադարեցնի «մեծ կաշառք» գործողության հետաքննությունը, ներողություն խնդրի վարչապետից։ Ըստ դատախազի՝իրեն ասել են, որ եթե ինքը հրաժարվի դա անել, իր նկատմամբ շատ վատ բաներ տեղի կունենա, ընդհուպ մինչեւ սպանություն։

Նշենք, որ  Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։

Այս իրադարձություններից հետո իշխանությունները աշխատանքից հեռացրել են մեծ թվով ոստիկանապետերի եւ գործը հետաքննած դատախազներին։