«Դեռեւս նոյեմբեր ամսին գեղասահքի դպրոցից բազմաթիվ ահազանգեր էին հնչել դպրոցը փակելու քաղաքապետարանի որոշման վերաբերյալ»,- այսօր` ապրիլի 12-ին Երեւանի ավագանու խորհրդի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ավագանու ԲՀԿ-ական անդամ Գագիկ Գրիգորյանը՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացնել, թե ինչ մեթոդով եւ ում կողմից է որոշվել դպրոցը փակելու նպատակահարմարությունը՝ այն դեպքում, երբ քաղաքապետարանի բյուջեից պետք է 200 միլիոն տրամադրվի մեկ այլ սահադաշտի կառուցմանը: Հարցը բավականին վրդովվեցրել է Երեւանի քաղաքապետին. «Հետաքրքիր հարց ա տալիս ավագանին, երբ որ ասում ա՝ ում կողմից, իհարկե, իմ կողմից, ով կար ուրիշ, որ էդ դպրոցը պիտի փակեր: Բայց դպրոցը չի փակվել, երբ որ մենք ստուգել ենք, ուսումնասիրությունների ընթացքում հասկացել ենք, որ մի դպրոցում երկու տարի շարունակ ցույց են տվել՝ սահադաշտ է գործում, բայց չի գործել, երբ որ 30-ի փոխարեն, 90 հոգի աշխատող են պահում եւ սահադաշտը չի գործում, մենք այդ դպրոցը առանց փակելու խոստացանք, որ 2010-ին սահադաշտ լինելու է»,- մեկնաբանել է Գագիկ Բեգլարյանը:

Ինչ վերաբերվում է նոր սահադաշտի կառուցմանը, որի համար բյուջեից տրամադրվում է 200 միլիոն դրամ, Բեգլարյանը նշել է. «Սահադաշտ ենք սարքում այդ դպրոցի համար, որը չի ունենալու ֆինանսական ծախսեր ու խնդիրներ: Լինելու է վերջին զարգացած ձեւով: Փայտից ստանում են սառույց, որը պահպանվում է մեկ տարի շարունակ, ունենում ենք հոսանքի եւ այլ ծախսերի տնտեսում եւ շատ լավ սպորտդպրոց: Այսինքն՝ այդ մշակույթը Երեւան քաղաքում արագ զարգանալու է»,-հավաստիացրել է Երեւանի քաղաքապետը: