Ոստիկանության բաժնի նախկին պետն ապօրինի ցուցում է տվել: Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից կատարված ծառայողական քննության նյութերի, ինչպես նաեւ Ոստիկանության աշխատակիցներ Ք. Բ.-ի ու Վ. Ղ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի եւ 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ՝

Ըստ նյութերի` 2013թ. նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցներ Ք. Բ.-ին ու Վ. Ղ.-ին է դիմել Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Մ. Ս.-ն եւ բանավոր հայտնել այն մասին, որ այդ գիշեր անհայտ անձը կրակել է իր տան վրա, հրազենի գնդակն, ապակին կոտրելով, մտել է ներս եւ մխրճվել ննջարանի պատի մեջ:

Ք. Բ.-ն ու Վ. Ղ.-ն ոստիկանության բաժնի պետին անմիջապես զեկուցել են դեպքի մասին, վերջինս էլ հանձնարարել է առանց Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու` մեկնել դեպքի վայր, ճշտել մանրամասները:

Այնուհետեւ Ք. Բ.-ն, Վ. Ղ.-ն, ինչպես նաեւ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը գնացել են դեպքի վայր, անձամբ տեսել պատուհանի եւ տան 2-րդ հարկի ննջարանի պատի վրա առկա հրազենային վնասվածքը, որից Մ. Ս.-ն հանել եւ ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել հրազենային գնդակը, որը վերցնելով` առանց կատարված հանցագործության մասին Մ. Ս.-ից հաղորդում ընդունելու կամ որեւէ այլ փաստաթուղթ կազմելու վերադարձել են ոստիկանության բաժին եւ բաժնի պետին զեկուցել իրենց պարզած հանգամանքները:

Բաժնի պետը, վերցնելով եւ իր մոտ պահելով հրազենային գնդակը, դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի ցուցում է տվել` Մ. Ս.-ից հաղորդում չընդունել:

Կատարվում է նախաքննություն: