Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի տարիքին անցնելու առթիվ իր պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները հերյուրանք է համարում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը:

«Մեր պաշտոնը հայեցողական է. մեր պաշտոնի համար տարիք չկա»,- նշեց մարզպետը:

Դիտարկմանը, թե արդեն ձեզ փոխարինողների անուններն են հայտնի, նա այսպես հակադարձեց. «Ընդհանրապես, դա որեւէ մեկի հետ կապ չունի, ինչ-որ մարդկանց ցանկությունն է դա, ագռավի կտուցը որ չի հասնում խաղողին, ասում է՝ թթու: Երբ հանրապետության նախագահը համարի, որ ես չեմ կատարում իմ պարտականությունները, այդ ժամանակ էլ այդ խնդիրը կբարձրացվի»:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ «ՉԻ» տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ հայտնի Նովոն։ Հիշեցնենք, որ վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին ԱԺ` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ ԱԺ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գեւորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։