Պահեստազորի գնդապետ, կալանավորված Վոլոդյա Ավետիսյանը լավ է, շատ մարտական է տրամադրված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Արա Զաքարյանը, ով տեսակցել էր իր պաշտպանյալին:
Նա նշեց, որ գործով որեւէ նորություն չկա, Վոլոդյա Ավետիսյանի հետ որեւէ քննչական գործողություն չի արվել: Ինչ վերաբերում է իրենց քայլերին, ապա Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են Վերաքննիչ դատարանի որոշումը՝ գնդապետի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը անփոփոխ թողնելու խնդրով, բողոքարկել Վճռաբեկ դատարանում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























