«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին 16 օրվա հացադուլը դադարեցնելուց հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ոչ թե դիետիկ սնունդ են տվել, ինչպես դա արվում է նման դեպքերում, այլ ձու են առաջարկել, ինչից նրա ինքնազգացողությունը վատացել է եւ ուշաթափություն ունեցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին լրագրողներին ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, որի հորդորով է պաշտպանյալն այսօր դադարեցրել հացադուլը։
Դեկտեմբերի 10-ի առավոտյան Շանթ Հարությունյանին այցելած փաստաբանին մոտ մեկ ժամ սպասեցնելուց հետո են թույլ տվել տեսակցել պաշտպանյալին։
«Թույլ չէին տալիս տեսնել Շանթին, քանի որ նրա վիճակը ծանր էր, ուշաթափություն էր ունեցել»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։
Փաստաբանը նշեց, որ Շանթ Հարությունյանին պահում են անմարդակային պայմաններում, սենյակը չի ջեռուցվում, նրան մեկուսացրել են բոլորից։ Բացի դրանից, նրա խոսքով, Շանթ Հարությունյանի վրա բացասաբար են ազդում մշտական տեղափոխությունները. «Սակայն Շանթը, միեւնույն է, չի կոտրվում, ինքը խնդրել է՝ փոխանցեմ, որ ինքը անկոտրում է, եւ շարունակելու է պայքարել՝ չնայած իր առողջական վիճակի վատթարացմանը»։
Շանթ Հարությունյանը փաստաբանի միջոցով շնորհավորել է բոլոր հայերին Նոր տարին եւ մաղթել մի քիչ ոգու արիություն եւ խիզախություն։
Մինչեւ այս շուրջ 10 օր պաշտպանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին՝ պատճառաբանելով, որ տոնական օրեր են, չնայած փաստաբանի խոսքով, նման արգելք չպետք է լիներ, եւ հնարավոր էր այդ օրերին տեսակցություն նշանակել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























