Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 ահազանգ, որից 105-ը եղել է հրդեհ, 66-ը՝ ջրագծերի վնասում, 15-ը՝ ավտովթար, 1-ը՝ պայթյուն, 2-ը՝ ինքնասպանության փորձ, 5-ը՝ դիակի հայտնաբերում, 13-ը՝ թունավորման դեպք, 125-ը կենցաղային դեպք:

Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով՝  արտակարգ դեպքերից մահացել է 12 մարդ, որից 6-ը՝ ավտովթարից, 1-ը՝ պայթյունից եւ հայտնաբերվել է 5 դիակ։

Խանգելդյանը նշել է, որ Ամանորի գիշերն առաջին ահազանգը ԱԻՆ-ը ստացել է Հրազդանի կիրճում «Գեղամա» ռեստորանային համալիրից, որտեղ հրդեհը վնասել է համալիրի մեծ մասը, սակայն փրկարարներին հաջողվել է կանխել, որպեսզի հրդեհը չտարածվի հարեւանությամբ գործող օբյեկտները: Հրդեհն ամբողջությամբ այրել էր հանդիսությունների դահլիճը: