Բանդայի գործը ոտքից գլուխ շինծու է եւ պետք է նոր նախաքննություն իրականացվի: Այս մասին, այսօր` հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը: Նա ընդգծեց, որ չգիտես ինչու բանդայի գործը դարձավ հայ իրականության գլխավոր թեմաներից մեկը, իսկ մեղադրյալներին, նրա կարծիքով, վերաբերվում են որպես հայ իրականության ամենամեծ հանցագործների:
Սերգեյ Գալոյանը նշեց, որ անգամ նախագահի դեմ մահափորձ կատարողներին նման արարողակարգով չէին բերի դատարան, ինչպես ներկայիս ամբաստանյալներին: «Զարմանալի է, որ թալանվողները դատարան չեն ներկայանում անգամ դատարանի պահանջից հետո: Պատասխանը տվեց Էդուարդ Բեզոյանը հայտարարելով, թե չի հավատում, որ նրանք են կատարել իր տան գողությունը: Դատարանը պարտավոր է ապացուցել մեղադրյալների մեղքը, այնինչ մեզ մոտ հակառակն է՝ մեղադրյալներն են ապացուցում, որ իրենք անմեղ են: Կամ հանկարծ պարզվեց, որ «Ջիմի» անունով մի շնիկ է եղել, որ սկսել է հետախուզում եւ հայտնաբերել նարկոտիկ եւ զենք: Այդ Ջիմի շնիկը չգիտես ինչու ժամը 11-ից սկսել է իր հետախուզումը այնինչ 14.00-ին նոր հետախուզում սկսելու դատարանի որոշում է տրվել: Բա ժամը 11-ին Ջիմի շնիկը ինչի՞ պետք է սկսեր: Էտ ի՞նչ շուն ա, էտ ով է այդ շունը, էտ շան տերն ով է, որ գնացել մարդկանց տներ են հետախուզել»,- ասաց Սերգեյ Գալոյանը՝ հավելելով, որ միասնական նախաքննական մարմին է ստեղծվում եւ հույս հայտնեց, որ նոր եւ ճիշտ նախաքննություն կիրականցնեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























