ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտ») ուրախ կլինի, եթե Արմավիրի մարզպետ նշանակվի ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը («Նովո»): Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը՝ արձագանքելով այն լուրերին, թե Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին եւ նրա հավանական փոխարինողների թվում են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեորգյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
«Չեմ կարող ասել, ով կլինի, բայց Նահապետն իմ ընկերն է, եթե նրա թեկնածությունը առաջադրեն, շատ ուրախ կլինեմ: Ճիշտ է ինձանից կախված ոչինչ չկա, բայց, եթե ինձ հարցնեն, ես կասեմ, որ ինքը լինի»:
Հակոբյանը միաժամանակ նշեց, որ գործադիր իշխանությունում աշխատանքն իրեն հոգեհարազատ չէ՝ ի տարբերություն խորհրդարանական աշխատանքի: Իսկ քաղաքապետի պաշտոնում էլ իր թեկնածությունն առաջադրել է, որովհետեւ այդ պահին անելու բան չի ունեցել: «Դե ճիշտն ասած, պարապությունից էի դրել: Այդ ժամանակ ԱԺ-ում չէի, ասացի քաղաքապետի պաշտոնում թեկնածությունս առաջադրեմ, բայց փոշմանեցի, քանի որ այդ աշխատելաձեւը իմը չէ»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ ինքը մասնակցելու է միայն ԱԺ ընտրություններին: «Լինի դա մեծամասնական, թե համամասնական կարգով, տարբերություն չկա: Ես իմ թեկնածությունը առաջադրելու եմ»,-ասել է նա:





























