Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհին վթարի ենթարկված ոչխարների տերերը ծեծել են Արտագեսի գյուղապետ Անահիտ Դավթյանի ամուսնուն՝ 50-ամյա Տոնական Ղազարյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տոնական Ղազարյանը: Նա նշեց, որ վթարից հետո 5 հոգով հարձակվել են իր վրա եւ ծեծի ենթարկել:

«Սկզբում 3 հոգի էին` հովիվները, հետո մի քանի րոպեից մի մեքենա եկավ կանգնեց եւ երկու հոգի էլ մեքենայից իջավ եւ կոպալներով, բանով հարձակվեցին ինձ վրա: Ամբողջ մարմինս ջարդուխուրդ արեցին: Ավելի ուշ որդիս է  միացել մեզ, որ կարողանա պաշտպանել»,- պատմեց Տոնական Ղազարյանը:

Նա նաեւ նշեց, որ թեւս կոտրված է, գլխի շրջանում եւս  լուրջ վնասվածքներ է ստացել: «Այսինքն` ամբողջ մարմինս ջարդուխուրդ են արել: Գիշերը ստիպված գնացել եմ հիվանդանոց բուժում ստանալու: Հիվանդանոցում նաեւ նկարվել եմ»,- ասաց գյուղապետի ծեծված ամուսինը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհին, հունվարի 9-ին, Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայով Արտագեսի գյուղապետ Անահիտ Դավթյանի ամուսինը` 50-ամյա Տոնական Ղազարյանը, մեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ  Զադա Բրոյանին պատկանող ոչխարներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր  Տոնական Ղազարյանը: Նրա խոսքով՝ իր մեքենան 3-տոննայանոց է, հետեւաբար հարվածից 27 ոչխար սատկել է: Պատճառն, ըստ նրա, մառախուղն է եղել, բացի այդ, ոչ մի լուսային եւ ձայնային ազդանշան չի եղել: «Մառախուղի մեջ հայտնված դեմս հազիվ տոռմուզով պահել եմ: Վնասի հատուցման համար մեքենան ԿԱՍԿՈ եւ ԱՊՊԱ է արված: Եթե գտան, որ մեղավոր եմ, կփոխհատուցեմ: Իմ մեքենային էլ է լուրջ վնաս պատճառվել, քանի որ ոչխարները չոր ոսկոր են»,- ավելացրեց Տոնական Ղազարյանը: