Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նիստին հայտնի դարձավ, որ գործով վերահսկող դատախազը  աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ վերահսկող դատախազ Առաքելյանը չէր ներկայացել նիստին, ներկայացել էր մյուս դատախազը, ով հայտնել էր, որ վերջինս աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Դա հենց այն նույն դատախազն էր, որը  ՀՔԾ-ում տված բացատրության ժամանակ նշել էր, թե «թյուրիմացաբար է նման բան գրել, թե քննիչը այցելել է բնակարան, տեսնելով որ Վարդան Պետրոսյանը տեղում չէ, դրա համար էլ ձերբակալել է,»:

Նիկոլայ Բաղդասարյանին գործով դատավոր Յու. Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց, եւ դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել, այն նշանակվել է երկուշաբթի օրը՝ ժամը 10.50-ին: «Փոխարեն գնար խորհրդակցական սենյակ, մենք տեսանք, որ նստեց մեքենան եւ հեռացավ դատարանից, հետաքրքիր է՝ ուր գնաց»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: