Այսօր` ապրիլի 12-ին Երեւանի ներքաղաքային մի շարք երթուղիներ, մասնավորապես՝ Էրեբունի եւ Նորքի զանգվածները սպասարկող միկրոավտոբուսների վարորդները դադարեցրել էին աշխատանքը։ Իսկ պատճառն այն է, որ բացի այն, որ ապրիլի 1-ից մեկ խմ գազի գինը 180 դրամից դարձել է 200 դրամ, երեկ էլ այդ գինը թանկացել է եւս 20 դրամով` դառնալով 220 դրամ:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից ռուսական գազը հայկական կողմը գնում է 1000 խմ-ի դիմաց 243 դոլարով, նախկին 215-ի դիմաց:

Դա առաջ է բերել վարորդների համընդհանուր դժգոհությունը, որոնք չեն համաձայնվում այդ պայմաններում աշխատել: Նրանց մի մասը պահանջում է իջեցնել գազի գինը, մյուսներն էլ նշում են, որ ավելի ճիշտ է բարձրացնել ուղեվարձը: Վարորդները դժգովում են, որ օրական 14 հազար դրամ պլան են տալիս, 9 հազար դրամ գազի համար են վճարում, որի արդյունքում իրենց ոչինչ չի մնում:

Նշենք, սակայն, որ այսօր օրվա կեսին լուր է ստացվել, որ երեւանյան լցակայաններում գազի նոր թանկացումը չեղյալ է հայտարարվել եւ 1 խմ գազը վաճառվում է 200 դրամով։ Այս փոփոխությունից հետո որոշ վարորդներ որոշել են երթուղի դուրս գալ, սակայն մի մասը համաձայն չէ նման պայմաններով աշխատելուն: