Մոսկով Ա.-ն եւ եւ Արմեն Գ.-ն մեղադրվում են «Մոսկվիչկա» սուպերմարկետում իրարանցում սարքելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Մոսկով Ա.-ն, հասարակական կարգը կոպիտ խախտելու դիտավորությամբ Երեւանի Սարյան 12 հասցեում գործող «Մոսկվիչկա» սուպերմարկետում իր ընկեր Արմեն Գ.-ի հետ անհարկի եւ առանց լուրջ պատճառի վիճաբանության մեջ է մտել Արմեն Սոֆոպուլոսի եւ Արմեն Գրիգորյանի հետ, որի ընթացքում, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջիններիս եւ շրջապատում գտնվող այլ անձանց հասցեին, ինչպես նաեւ բռնություն է գործադրել նրանց նկատմամբ: Մասնավորապես, նա քաշքշել եւ հրել է նրանց, անտեսելով խանութի աշխատակիցների իրավաչափ դիտողություններն ու հանդարտվելու վերաբերյալ պահանջները, որի հետեւանքով տեւական ժամանակ խաթարվել է սուպերմարկետի բնականոն աշխատանքը:
Այնուհետեւ Մոսկով Ա.-ն Արմեն Գ.-ի եւ գործով չպարզված մի խումբ անձանց հետ խուլիգանական գործողությունները շարունակել է «Մոսկվիչկա» սուպերմարկետից դուրս` մուտքի մոտ, որտեղ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հարեւանությամբ բնակվող անձանց եւ հասարակությման մյուս անդամների նկատմամբ, շարունակել է վիճաբանել Արմեն Սոֆոպուլոսի եւ Արմեն Գրիգորյանի, ինչպես նաեւ գործով չպարզված անձանց հետ մոտ 5 րոպե տեւողությամբ, որի ընթացքում եւս բարձրաձայն տվել սեռական բնույթի հայհոյանքներ, բռնություն գործադրել նրանց նկատմամբ` քաշքշել, ձեռքերով եւ ոտքերով հարվածել նրանց, Ա. Սոֆոպուլոսին ձեռքով հարվածել գցել գետնին:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել հունվարի 10-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























