Վարդենիկ գյուղի կրթահամալիրի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և աշակերտների միջև տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննության ընթացքում Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Ավագյանը թույլ է տվել խախտումներ։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողներին ասաց գործով մեղադրվող երեք աշակերտների փաստաբան Ալիկ Ստեփանյանը:
«Հետաքննիչն իր որոշումներում նշում է, որ տուժող ճանաչված ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանը դպրոցի առաջին հարկի սրահում հայհոյել և անպատվել է Մեսրոպ Գրիգորյանին, այնուհետև հարվածել դեմքին, որի պատճառով նրանց միջև քաշքշուք և ծեծկռտուք է առաջացել, որն էլ շարունակվել է դպրոցի բակում», - հետաքննիչի որոշումից մի հատված մեջբերեց պաշտպանը։
Նրա խոսքով, չնայած հետաքննիչը նշել է, որ Սևակ Բադալյանն է հայհոյել, անպատվել և հարվածել 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանին՝ գործը նյութի քննչական բաժին փոխանցվելուց հետո լրացուցիչ նյութ է պատրաստվել, և քրեական գործ հարուցվել. «Քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 10-ին Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Ավագյանի կողմից՝ խուլիգանության հանցակազմով, ՀՀ օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի առաջին և չորրորդ կետերով»։
Ստեփանյանը նշեց, որ քննիչ Ավագյանն իր որոշումներում միջադեպը նկարագրել է դպրոցի միջանցքում տեղի ունեցած վեճից սկսած՝ բաց թողնելով ֆիզկուլտուրայի դասարանը, որտեղ սկսվել է վեճը։
Բացի այդ, նրա կարծիքով, հարցաքննության ընթացքում քննիչը թույլ է տվել քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներ. «Գնացել է Վարդենիկի կրթահամալիր, ինչ-որ մանկավարժի ներկայությամբ հարցաքննել է 11-12 տարեկան երեխաների, առանց ծանուցագրի և առանց նրանց օրինական ներկայացուցիչների իմացության»:
2013թ. դեկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մեսրոպ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, բայց նույն օրը քննիչը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել է մարզի դատախազություն, որն էլ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Դատապաշտպանը դատարանից պահանջելու է արարքի վերաորակում, քանի որ խուլիգանության հանցակազմ, նրա խոսքով, այդտեղ չի եղել, միայն միջին ծանրության վնասվածքի պատճառում, եւ գործի կարճում։
Փաստաբանի խոսքով՝ Մեսրոպ Գրիգորյանն ընդունում է, որ հարվածել է ուսուցչին, բայց մյուս երկու մեղադրվողները նշում են, որ չեն խփել, չնայած դրան՝ երեքի նկատմամբ էլ նույն մեղադրանքն է առաջադրվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Վարդենիկի ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սևակ Բադալյանի և 12-րդ դասարանցիներ Մեսրոպ Գրիգորյանի, Աբրահամ Շահինյանի և Արկադի Պողոսյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 3 աշակերտներին մեղադրանք է առաջադրվել, Մեսրոպ Գրիգորյանին դեկտեմբերի 3-ին կալանավորել են: Ծնողներն ու աշակերտներն ասում են, որ ուսուցիչը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, ինչից հետո էլ սկսվել է վիճաբանությունը, բայց այս լուրը հերքում է դպրոցի տնօրենը, որը հանդիսանում է Սևակ Բադալյանի երկվորյակ եղբայրը։ Ի դեպ, Մեսրոպ Գրիգորյանի եւ տուժողի ընտանիքը խնամիական կապեր ունեն։ Դեկտեմբերի 23-ին Մեսրոպ Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, բայց գործը դեռ չի կարճվել:





























