Հայաստանի ոստիկանությունը համառորեն հրաժարվում է քրեական գործ հարուցել դեկտեմբերի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում լրագրողների աշխատանքը լկտիաբար խոչընդոտած եւ սեռական բնույթի հայհոյանքներ տված ուսանողների դեմ:

Ոստիկանության լրատվության վարչությունը նույնիսկ պարզաբանում է տարածել, որում, մանսավորապես ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ազազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում  նախապատրաստվել են նյութեր: Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը: Այնտեղ մի խումբ երիտասարդներ խոչընդոտել են իր եւ ներկա գտնվող այլ լրագրողների մասնագիտական գործունեությանը, ինչպես եւ իրենց հասցեին արել են վիրավորական բնույթի արտահայտություններ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչնդոտելու հանգամանքը չի հիմնավորվել եւ նյութերը եզրակացությամբ կցվել են քարտուղարության կարգագրին: Ինչ վերաբերում է նշված ժամանակահատվածում լրագրողների հասցեին վիրավորական արտահայտություններ անելուն, ապա այդ դեպքում նրանց միջեւ առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների եւ ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա` պաշտպանելով մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, օրինական շահերը, սեփականությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Հետեւաբար, ՀՀ ոստիկանությունը երբեւէ  կաշկանդված չի եղել հակաիրավական արարք կատարած այս կամ այն անձին իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հարցում եւ իրականացրել է միմիայն արդարացի քննություն»,- ասվում է պարզաբանման մեջ:

Նշենք, որ ՀՊՏՀ ուսանողները խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը, թույլ չտալով լուսաբանել Երեւանի քաղաքապետի ատենախոսությունը, թերեւս վախենալով, որ վերջինս կարող է խայտառակվել:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ խիստ նկատողություն եւ նկատողություն էր հայտարարել երկու ոստիկանների, որոնք չէին միջամտել: