ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հունվարի 10-ին կայացած՝ Շանթ Հարությունյանին եւ մյուս քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջով բողոքի երթին չի մասնակցել, եւ Ազատության հրապարակից հեռացել է երթի՝ նախապես հայտարարված նպատակին չառնչվող կոչերի պատճառով։
«Երթի նպատակը եւ կատարված քայլերը բացարձակապես իրար հետ առնչություն չունեին, Հինգ րոպեն մեկ այնտեղ կոչեր էին հնչում Լեւոն Տեր-Պետրոսյանով կազմված նախադասություններով: Տպավորություն էր, թե երթը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է, եւ Շանթ Հարությունյանին ազատազրկել է Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- NEWS.am-ին ասաց Տիգրան Առաքելյանը։
ՀԱԿ ակտիվիստի խոսքով՝ ինքը Շանթ Հարությունյանի կողքին է, պայքարելու է նրա եւ բոլոր քաղբանտարկյալների իրավունքների համար. «Բայց դա չի նշանակում, որ կկանգնեմ այն մարդու կողքին, ով բացարձակ ուրիշ հարց է էդտեղ լուծում եւ որոշել է ինքնհաստատվել»։
Տիգրան Առաքելյանի կարծիքով՝ ակցիայի նպատակին չվերաբերող կոչերը նախօրոք պլանավորված պառակտման փորձեր են եղել. «Օրինակ, խոսք հնչեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ բոլոր նախագահները ԿԳԲ-ի արխիվները հանձնել են ռուսներին: Ես ուզում եմ հասկանամ՝ որտեղից դա գիտի, կամ ինքը ԿԳԲ-ից ա, շատ լավ տեղեկացված ա, իրա միջոցով են հանձնել, կամ որտեղի՞ց գիտի: Ու ամենակարեւոր հանգամանքը այն է, որ դա երթի հետ կապ չունի: Դա ի՞նչ կապ ունի դա Շանթի հետ»։
Տիգրանն Առաքելյանը նշեց, որ ինքը բոլորից լավ է հասկանում քաղբանտարկյալներին, թե որքան բարդ է մի քանի ամիս արտաքին աշխարհի հետ կապ չունենալը: «Ինձ վրա քննիչը նման արգելք չի դրել, բայց եղել է նման իրավիճակ մի քանի օր, ես շատ լավ եմ հասկանում նրանց: Այնտեղ կարող են տարբեր ինֆորմացիաններով, դիզինֆորմացիներով ողողել խցերը, եւ էդ մարդիկ չկարողանան շարունակել պայքարը: Ինֆորմացիա մարդը չունի, չգիտի` ինչի հավատա, չգիտեն` ինչ է կատարվում դրսում, դա բարդացնում է մարդու իրավիճակը»:





























