Սլովակիայում առաջիկա նախագահական ընտրություններում կպայաքարեն 15 թեկնածու, որը ռեկորդային թիվ է երկրի համար: Այդ մասին հաղորդում է սլովակյան TASR տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սլովակիայի խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղար Պավել Խովանցին:
«Ընդհանուր առմամաբ ընտրություններին մտադիր է մասնակցել 15 մարդ»,- նշել է մամուլի քարտուղարն ու հավելել, որ Սլովակիայի նախագահի թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետն արդեն լրացել է:
Հաղորդում են, որ Սլովակիայի նախագահի ուղղակի համաժողովրդական ընտրությունները կկայանան 2014թ. մարտի 15-ին:
Ընդ որում նշվում է, որ մասնակիցները պաշտոնապես նախագահի թեկնածուներ կդառնան այն բանից հետո, երբ նրանց փաստաթղթերը հաստատի Սլովակիայի խորհրդարանի նախագահը: Սլովակիայի նախագահի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել խորհրդարանի նվազագույնը 15 պատգամավորի ստորագրություն կամ 15000 քաղաքացու ստորագրություն, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Նախագահի պաշտոնի թեկնածության համար փաստաթղթեր են ներկայացրել վարչապետ եւ դեմոկրատական Smer-SD կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն, Սլովակիայի նախկին վարչապետ, փաստաբան Յան Չարնոգուրսկին, խորհրդարանի պատգամավորներ Պավոլ Գրուշովսկին. Հելենա Մեզենսկան եւ Ռադոսլավ Պրոխազկան, բարեգործ Անդրեյ Կիսկան, սրտի վիրաբույժ Վիլիամ Ֆիշերն ու այլ հայտնի սլովակ քաղաքական ու հասարակական գործիչներ:





























