Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ ձերբակալվածներից հունվարի 8-ից  հացադուլ են հայտարարել նաեւ Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Միսակ Առաքելյանը, սակայն նրանց առանձին խուց դեռ չեն տեղափոխել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ավետիս Ավետիսյանի կինը:

Նրանց պահանջներն են վերացնել տեսակցության արգելքն ու դադարեցնել իրենց ընտանիքների նկատմամբ հոգեբանական ճնշումներն ու հետապնդումները:«Այսօր արդարադատության նախարարությունը հայտնել է, որ տեղյակ չէ այդ հացադուլի մասին, այնինչ նրանց արդեն մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից մարդ է այցելել այդ հարցով»,-հայտնեց նրա կինը:

Հիշեցնենք,  որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:

Ոստիկանությունը ձերբակալել էր  20 հոգու, որոնցից 6-ին կալանավորել էին եւ առաջադրել մեղադրանք:

Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու համար: