Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտինի հուշարձանի մոտ hունվարի 10-ին ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը նշեց, որ Կուբայում ամենայն ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին եւ վստահություն հայտնեց, որ առավել, քան տաս տարվա ընդմիջումից հետո առաջին բարձրաստիճան այցելությունը նոր թափ կհաղորդի ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցությանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելությունը միտված է ամրապնդելու Կուբայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղիներ։

Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Կուբայի կառավարության կողմից երկրի տնտեսության արդիականացման նպատակով նախատեսվող բարեփոխումները։ Նա ընդգծեց, որ Կուբան պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնել փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական եւ հնարավոր այլ ուղղություններով։

Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահը եւ Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին առեւտրատնտեսական, առողջապահությանս, գիտակրթական եւ մշակութային բնագավառներում համագործակցությունը ընդլայնելու նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը։

Նույն օրը տեղի ունեցան Հայաստանի եւ Կուբայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Բրունո Ռորդիգես Պարիյայի բանակցությունները։

Ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Կուբայի արտգործնախարարը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Ռոդրիգեսը նշեց, որ իր երկրում բարձր են գնահատում երկրում մի քանի տասնամյակ աշխատած հայ մասնագետների ներդրումը, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեցել Կուբայի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում նախարարները վերահաստատեցին իրենց երկրների շահագրգռվածությունը հիմնվելով պատմականորեն ձեւավորված փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա՝ գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման, խորացման եւ ընդլայնման նպատակով։

Հայաստանի եւ Կուբայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, գիտակրթական եւ մշակութային փոխանակումների խթանման նպատակով իրականացվելիք համատեղ քայլերը:

Տուրիզմի խթանման նպատակով զրույցի ընթացքում կարեւորվեց Հայաստանի քաղաքացիների համար Կուբա մուտքի դյուրացումը։

Կուբայի արտգործնախարարը ներկայացրեց լատինամերիկյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները եւ դրանցում իր երկրի դերակատարությունն ու մոտեցումները։

Իր հերթին նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանին եւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը Կուբացի գործընկերոջը հրավիրեց այցելել Երեւան։

Նախարարական հանդիպումից հետո Կուբայի արտգործնախարարը պաշտոնական ընդունելություն տվեց Հայաստանի ԱԳ նախարարի պատվին, որին ներկա էին Կուբայի ԱԳՆ ղեկավարությունը, Հավանայում հավատարմագրված շուրջ հինգ տասնյակ դեսպաններ։