Խոսրովի արգելոցում ուղեփակոցի տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործ չի բացահայտվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները:

Նախաքննության համար սահմանված երկու ամիսը լրանալուց հետո այն երկարաձգվել է եւս մեկ ամսով, սակայն այդ ժամկետը կլրանա հունվարի վերջին: Եւ եթե մինչեւ ամսվա վերջ գործը չբացահայտվի, ապա այն կկասեցվի:Իրավապահները հույս ունեին, որ համակարգչային փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, երբ պարզ կլինի կրակողի պատկերը, գործը կբացահայտվի: Սակայն հարցաքննված բազմաթիվ անձանցից, կասկածյալների մոտավոր շրջանակից ոչ մեկի հետ պատկերը չի համընկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: