«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ուժ չէ, քանի որ ընդդիմադիր օլիգարխ գոյություն ունենալ չի կարող: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով իրեն այլընտրանքային ուժ հայտարարած «Բարգավաճ Հայաստանի» միացմանը ընդդիմադիր խորհրդարանական ուժերի՝ Հայ ազգային Կոնգրեսի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» մտադրությանը համատեղ զանգվածային ակցիայով դեմ հանդես գալ կուտակային թոշակային համակարգի ներդրման:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ շատ լավ է, երբ ընդդիմադիր ներկայացող կուսակցություններն ի վերջո միավորվել են: «Ես ուրախ եմ ու ողջունում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միացել է ոչ կոալիցիոն խորհրդարանական ուժերի համատեղ հանրահավաքին ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմների»,- նշել է Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովի չորս քաղաքական ուժեր, որոնք կոալիցիայի մաս չեն կազմում, հունվարի 10-ին խորհրդակցություն են անցկացրել: Հունվարի 18-ին ժամը 14:00-ին պարտադիր կուտակային թոշակային համակարգի դեմ պայքարի քաղաքացիական նախաձեռնությունը հանրահավաք է կազմակերպելու: Չորս կուսակցություններն էլ ընդունել են մասնակցելու որոշում:
Պարտադիր կուտակային թոշակային համակարգի մասին օրենքը սկսել է Հայաստանում գործել 2014թ.-ի հունվարի 1-ից, ինչը բնակչության դժգոհություն է հարուցել, քանի որ նախկին հարկերին են ավելացել նաեւ թոշակային ֆոնդերի նոր հատկացումները:
Լուսանկարը Արսեն Սարգսյանի





























