Հնդկաստանի իշխանությունների պահանջով ամերիկացի դիվանագետներից մեկը կլքի երկիրը։ Նյու Դելիի նման դեմարշը հաջորդել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցչուհի Դեւիանի Քհոբրագադեի մասնակցությամբ սկանդալին։

Հիշեցնենք, Հնդկաստանի նախկին փոխհյուպատոսը, որին ամերիկյան իշխանությունները կասկածում էին իր տնային աշխատողի համար վիզա ձեւակերպելիս խարդախության դիմելու մեջ, դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում հսկողության տակ էր վերցվել  եւ մանրամասն զննում անցել։ Օրեր անց նրան 250 հազար  դոլար գրավի դիմաց ազատել էին։

Ամերիկյան իշխանությունների տվյալով՝ Քհոբրագադեն իր հնդկուհի սպասուհուն  վիզայի փաստաթղթերում նշվածից ավելի քիչ է  վճարել՝ ժամի դիմաց 3,31 դոլար, այն դեպքում, երբ Նյու Յորքում աշխատանքի դիմաց նվազագույն ժամավճարը 9,75 դոլար է։

Դեւիանի Քհոբրագադեն արդեն վերադարձել է հայրենիք։ Նա իր մեղքը չի ընդունում։

Հնդկաստանի իշխանությունները ամերիկացիներին դիվանագետի նկատմամբ «բարբարոսական» վերաբերմունքի մեջ են մեղադրել եւ համարժեք քայլեր ձեռնարկել։ Այս միջադեպը Վաշինգթոնի եւ Նյու Դելիի հարաբերությունների կտրւկ սառեցման պատճառ է դարձել։